Առասպել Գեղարդ վանքի մասին

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Գեղարդի վանք

Միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանքն  անվանում են նաև Այրիվանք 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով:  Ասում են,որ գեղարդը ունի բուժիչ հատկություններ, ու դրա մասին ամբողջ աշխարհով էր հայտնի, և շատերն էին ցանկացել գեղարդը գողանալ, որպեսզի իրենց վերքերը բուժեին, կամ էլ որևէ փառքի հասնեին, բայց ամեն անգամ, երբ ուզեցել են գեղարդը գողանալ, մի հրաշք կատարվել է, և չեն կարողացել:

չղջիկների մասին

Չղջիկներ (լատ.՝ Microchiroptera), միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ ՀՀ-ում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Տեսակների մեծ մասը բնակվում է ՀՀ հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

Ապրելակերպը

Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։

Ժամանակակից նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար), որը նույնպես գործում է անդրաձայնի սկզբունքով և թանձր մառախուղի ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու ժայռը, այսբերգը (սառցալեռը) կամ այլ կարգի վտանգներ։ Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով։ Տարածված են չափավոր կլիմայով վայրերում։ Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում։ Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ։ Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի։

Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են։ Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով։

  • Հարավային Ամերիկայում բնակվում է չղջիկների 4 տեսակ, որոնց անվանում են վամպիրներ։ Նրանք սնվում են միայն կաթնասունների ու թռչունների թարմ արյունով։ Վամպիրներն արյունը ոչ թե արտածծում են, այլ լիզում են վերքի վրայից։ Զոհի համար վտանգավոր է ոչ այնքան արյան կորուստը, որքան վամպիրից վարակիչ հիվանդություններով (այդ թվում՝ կատաղությամբ) վարակվելու վտանգը։

Անբախտ վաճառականները

Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ: Շարունակել կարդալ “Անբախտ վաճառականները”

Հնդկաստան

Հնդկաստան, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն, երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յորթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ։ Հույսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ։ Չորս կրոններ (հինդուիզմ, բուդդայականություն, ջայնիզմ և սիկհիզմ) ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ զրադաշտականությունըհուդայականությունը, քրիստոնեությունունը և իսլամը Հնդկաստան են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան մշակույթի ձևավորմանը։ 18-րդ դարի սկզբից աստիճանաբար բռնակցվելով և Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության կառավարման ներքով բերվելով, և 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունից հետո Բրիտանական կայսրության ուղիղ ենթակայության տակ անցնելուց հետո անկախացել է 1947 թվականին՝ Մահաթմա Գանդիի կողմից ղեկավարվող անկախության համար պայքարով, որն արտահայտվում էր ոչ բռնի դիմադրությամբ։

2015 թվականին Հնդկաստանը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում յոթերորդ, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր։ 1991 թվականի տնտեսական հեղափոխությունից հետո Հնդկաստանը դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը, և համարվում է գրեթե արդյունաբերական երկիր։ Սակայն, երկիրը բախվում է աղքատության, կորուպցիայի, թերսնման և ոչ ադեկվատ հասարակական առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային տերություն՝ այն ունի մեծությամբ երրորդ և ռազմական բյուջեով վերցերորդ բանակը աշխարհում։ Հնդկաստանը դաշնային սահմանադրական հանրապետություն է, կառավարվում է խորհրդարանական համակարգով և բաղկացած է 29 նահանգից և 7 միութենական տարածքներից։ Պլյուրալիզտական երկիր է, ունի բազմալեզու և բազմազգ հասարակություն է, ինչպես նաև բազմազան վայրի բնության տուն է։

Արա Գեղեցիկ և Շամիրամ

[002429]

Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև տեղի ունեցած անցուդարձի ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության մասին:

Հայոց Արամ թագավորի մահից հետո Հայաստանի թագավոր է դառնում նրա որդին՝ Արա Գեղեցիկը։ Այդ ժամանակ Ասորեստանում թագավոր էր Նինոսը, որը հարգում և պատվում էր հայոց արքային։ Իսկ Նինոսի կինը՝՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ցանկանում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, պատգամավորներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե/Ասորեստանի մայրաքաղաք/, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել: Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է  խնդրանքեր ուղարկել, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան նվաճելու, ստրկացնելու համար:
Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ,կռվից առաջ, Շամիրամը պատվիրում է զինվորներին որ կենդանի պահեն Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը պարտվում  է, Արան էլ զոհվում է:
Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի տեղն է ուղարկում մարդկանց դիակների մեջ փնտրելու Արային:
Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքում։ Իսկ երբ հայոց զորքը պատրաստվում է նորից մհարձակվել  Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով.
— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։
Շամիրամը հույս ուներ իր կախարդանքով վերակենդանացնել Արային։ Բայց երբ դիակն սկսում է քայքայվել, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր ստրուկներից մեկին հագցնում  է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին ու փառարանմանը»։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը։

Բարեկենդանի տոն

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: