Կոմիտասի կյանքի և գործունեության մասին

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (ըստ հին տոմարի` հոկտեմբերի 10-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժոդովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլն) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 22-ին` Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

 

Advertisements

About HG_Blog

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 6.2 դասարանի սովորող եմ։ Սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և ձեռքի գնդակ։ Սիրում եմ նաև բոլոր մեր առարկաները, որոնք մենք անցնում ենք։ Ամենից շատ սիրում եմ զբաղվել համակարգչով և ուզում եմ դառնալ ապագա ծրագրավորող։
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Մարդիկ, Կոմիտաս-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.